Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում՝ ըստ mid.ru կայքի` Սերգեյ Լավրովին ուղղվել է երեք հարց՝ առաջինը Հայաստանի, երկրորդը` Հունաստանի, երրորդը՝ Սիրիայի մասին: Եթե նկատի ունենանք, որ ասուլիսը համատեղ էր և կայանում էր հավարտ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների, տրամաբանական է, որ հարցերը պիտի վերաբերեին հայ-ռուսական օրակարգին, առավելագույնը՝ տարածաշրջանին: Բայց լրագրողները այնքան քիչ են Լավրովին Մոսկվայում գտնում, որ հենց գտնում են՝ հարցնում են՝ ինչ ուզում են: Դատելով այն փաստից, որ Լավրովը հարցերը չի համարել թեմայից դուրս և պատասխանել է երկար ու հանգամանալից, նա նաև ցանկացել է, որ այդ հարցերն իրեն տան:
Հայ լրագրողի հարցն է եղել.
-Վերջերս Ադրբեջանը, բացի Ղարաբաղից, ակտիվորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանին՝ պաշտոնական հայտարարությունների ու ռազմական սադրանքների տեսքով: Պատրա՞ստ է Ռուսաստանը կատարել իր ռազմական պարտավորությունները Հայաստանի առաջ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սրման դեպքում:
Սերգեյ Լավրովը պատասխանել է.
-Այստեղ նույնիսկ բացատրելիք չկա: ՀԱՊԿ պայմանագիրը ամրագրում է բոլոր պարտավորությունները, որ կողմերն ունեն միմյանց նկատմամբ, և բոլոր դեպքերը, որ նախատեսում են պարտավորությունների կատարումը: Այդ պատճառով էլ մեկնաբանելու ոչինչ չկա, միայն մեկ նկատառում՝ մենք նույնիսկ թույլ չենք տալիս մեզ մտածել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը կարող է անցնել թեժ փուլի: Վստահ եմ, որ հռետորաբանությանը հակառակ՝ դա չի ցանկանում շահագրգիռ կողմերից ոչ մեկը: ԼՂ կոնֆլիկտում Ռուսաստանի բոլոր գործողություններն ուղղված են հնարավորինս շուտ փոխընդունելի լուծում գտնելուն: Շփումները կանոնավորապես շարունակվում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաճախակի լինում են տարածաշրջանում, Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներում, շփման գծում: Համանախագահ երկրների նախագահները անձնական ուշադրություն են դարձնում կարգավորման ուղիների որոնմանը: 2014-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ջանքեր գործադրեց, որոնց արդյունքում մենք շարունակում ենք խորհրդակցությունները հնարավոր գործնական քայլերի մասին, որոնք թույլ կտան սկսել այդ, իմ կարծիքով, ոչ մեկին պետք չեկող կոնֆլիկտի հաղթահարման գործընթացը, որպեսզի Անդրկովկասը դառնա համագործակցության տարածաշրջան առանց շրջափակումների, պատժամիջոցների ու սահմանափակումների: Դրանից կշահեն բոլորը, ներառյալ մեր հայ բարեկամները:
Եթե նկատեցիք «ստատուս քվո» բառակապակցությունը չհնչեց, բայց գործնականում ՌԴ արտգործնախարարն ասել է, որ կոնֆլիկտն այլևս կողմերից որևէ մեկի շահերից չի բխում ու տարածաշրջանը համագործակցության տարածաշրջան պետք է դառնա՝ առանց շրջափակումների, պատժամիջոցների ու սահմանափակումների: Սա կարող է, իհարկե, բարի կամքի դրսևորում դիտվել, բայց ոչ բարձրաստիճան դիվանագետի շուրթերից, որովհետև արտգործնախարարի շուրթերից հնչելիս, այն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սա նշանակում է՝ շտապեք, ժամանակը սպառվել է: Նվազագույնը: Բայց անգամ դիրքորոշման այս փոփոխությունը չէր ամենակարևորը ասուլիսում: Ամենակարևորը սկսվում է, երբ նրան հարցնում են. «Այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Նա քննադատել է Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները: Ռուսաստանն ակնկալո՞ւմ է, որ այդ հարցում Հունաստանի դիրքորոշումը կհանգեցնի հակառուսական պատժամիջոցների դեմ ԵՄ ընդհանուր դիրքորոշման փոփոխության»: Կարող էր, չէ՞, Լավրովը դիվանագիտական հերթապահ ու խճճված պատասխան տալ, որից հասկացվեր, թե այո, թե ոչ, թե՝ իհարկե ոչ, թե՝ իհարկե այո: Ոչ, ՌԴ արտգործնախարարը սկսում է հանգամանալից բացատրել… համակարգային պրոբլեմը.
-ՈՒզում եմ անմիջապես հաստատել մեր խոր համոզմունքը, որ Եվրոպայի հետ հարաբերություններում մենք պետք է կոլեկտիվ (ես նկատի ունեմ ԵԱՏՄ մյուս անդամներին) հասնենք համակարգային պրոբլեմի հաղթահարմանը, որը մնում է առաջվանը՝ «կամ մեզ հետ, կամ մեր դեմ»: Բրյուսելյան բյուրոկրատիայի այս մենթալիտետը չի փոխվում: Դա ցավալի է, որովհետև արդեն ԵՄ առաջատար երկրների ղեկավարները (ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մյուսները) քանիցս հանդես են եկել ի պաշտպանություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության՝ երկխոսություն սկսելու միասնական տնտեսական ու հումանիտար տարածքի ձևավորման համար Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս: Վստահ եմ, որ երբ սկսվի այդ երկխոսությունը, կգտնվեն բոլոր անհրաժեշտ հանգուցալուծումները, որ մեր տարածաշրջանի երկրներին այլևս չդնեն կեղծ ընտրության առաջ: Այդ տարածության ստեղծումը բխում է Ռուսաստանի ու Եվրամիության շահերից: Ներկա մրցակցային աշխարհում միայն Եվրոպայի ու Եվրասիայի ջանքերի միատեղումը, նախ և առաջ տնտեսական ճակատում, թույլ կտա լավագույնս ապահովել մեր բոլոր երկրների շահերը: Դեռ 2014-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբրև առաջին քայլ առաջարկեց կոնկրետ բանակցել ազատ առևտրի գոտու ստեղծման համար ԵՄ-ի և այդ ժամանակ Մաքսային միության, հիմա արդեն ԵԱՏՄ-ի միջև: Առաջարկությունը դեռ ուժի մեջ է: Երբ փետրվարի 12-ին Մինսկում հավաքվել էին նորմանդական քառյակի ղեկավարները, ընդունված Հռչակագրում նշված էր ուկրաինական ճգնաժամի հաղթահարման համալիր ծրագիր, հաստատված էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու ՈՒկրաինայի ղեկավարները հանդես են գալիս եվրոպական մայր ցամաքում ու եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների միավորման օգտին՝ ներառյալ շփումները ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև: Առայժմ, ցավոք, հռչակված նպատակների կատարման ուղղությամբ աշխատանքները սկսելու մեր առաջարկին Բրյուսելն այնքան էլ ակտիվ չի արձագանքում: Այդ պատճառով էլ ծագում են նման հարցեր, որ «Բլումբերգ» գործակալությունն է տալիս: Հարցը ձևակերպված է «կամ/կամ» հարթության մեջ՝ եկել է հույն վարչապետը, որ դեմ է պատժամիջոցներին, դա թույլ կտա փոխել ԵՄ դիրքորոշումը: Այսօր ես նայում էի «Եվրանյուզը», որ իրազեկում էր Հունաստանի վարչապետի այցը: Հեռուստաալիքի մեկնաբանը այցը ներկայացրեց այսպես. «Բոլորը սպասում են, որ այցը կպատասխանի հարցերին՝ «ինչո՞վ կարող են միմյանց օգտակար լինել Ցիպրասն ու Պուտինը» և «կհաջողվի՞ Պուտինին խզում մտցնել ԵՄ շարքերում»: Ակնհայտ է խոր պրոբլեմ արդեն նյութի մատուցման մեջ, ոչ միայն մեկնաբանի պրոբլեմը, հեռուստաալիքի, այլ մենթալիտետի, որ իշխում է Եվրոպայում: Եթե եվրոպացիներից ինչ-որ մեկը սկսում է գործել, ելնելով իր ազգային շահերից, դա ընկալվում է իբրև համերաշխության սկզբունքի խախտում: Մենք ցանկանում ենք, որ ԵՄ յուրաքանչյուր երկիր իր տնտեսական ու քաղաքական գերակայությունների, տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում գործընկերների ընտրության մեջ ղեկավարվի իր արմատական ազգային շահերով, այլ ոչ մտացածին սկզբունքներով, որ սկզբունք էլ չեն, այլ պատրվակ, որ բոլորին պահեն հակառուսական «ճակատում»: Յուրաքանչյուրը պետք է գործի իր շահերի համաձայն, ոչ թե հետևի մտացածին սխեմաների»:
Այս կետում դադար տանք և պարզենք՝ ո՞վ է արտահայտում ՌԴ պաշտոնական տեսակետը: Միայն ՌԴ նախագահն ու ՌԴ արտգործնախարա՞րը: Թե՞ նաև խորհրդարանի նախագահն ու կառավարության ղեկավարը: Հարցը սկզբունքային է, որովհետև եթե Սերգեյ Լավրովը նման խնդիր է դնում՝ յուրաքանչյուր երկիր իր տնտեսական ու քաղաքական գերակայությունների, տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում գործընկերների ընտրության մեջ ղեկավարվի իր արմատական ազգային շահերով, այլ ոչ մտացածին սկզբունքներով, նշանակում է՝ ՌԴ Պետդումայի նախագահը և ՌԴ բոլոր պատվիրակները դեմ են գնում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, երբ Հայաստանին դնում են «կամ/կամ» հարթության մեջ՝ պահանջելով դադարեցնել ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ սա տարբերակ առաջին: Տարբերակ երկրորդ՝ Սերգեյ Լավրովը իր սկզբունքը տարածում է միայն «բրյուսելյան բյուրոկրատների» վրա և չի ընդունում, որ եթե նման սկզբունք կա ՌԴ-ԵՄ հարաբերություններում, կարող է լինել ՌԴ-այլ պետություններ հարաբերություններում: Բայց ինքն էր, չէ, ասում. «ՈՒզում եմ անմիջապես հաստատել մեր խոր համոզմունքը, որ Եվրոպայի հետ հարաբերություններում մենք պետք է կոլեկտիվ (ես նկատի ունեմ ԵԱՏՄ մյուս անդամներին) հասնենք համակարգային պրոբլեմի հաղթահարմանը, որը մնում է առաջվանը՝ «կամ մեզ հետ, կամ մեր դեմ»: Տարբերակ երրորդ՝ ՌԴ արտգործնախարարը միայնակ պայքարում է համակարգային պրոբլեմի դեմ, երբ ինքը հրապարակում է մի տեսակետ, ՌԴ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները պաշտպանում են և վարում են տրամագծորեն հակառակ քաղաքականություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լավրովի հպարտ մենակության տարբերակի հաստատումը դարձավ ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցը Էդուարդ Նալբանդյանին՝ ինչո՞ւ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ: Կարծես ոչ «Բլումբերգի» հարցն էր եղել, ոչ Լավրովի պատասխանը: Իսկ Էդուարդ Նալբանդյանի պատասխանը դարձավ գործընկերային, բարեկամական, ընկերական աջակցություն Սերգեյ Լավրովին. «Դա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է և պարզ դիրքորոշում է: Հայաստանը այսուհետ ևս շարունակելու է բանակցությունները ԵՄ-ի հետ, խորացնելու է հարաբերությունները ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում` պարզապես հաշվի առնելով այն պարտավորությունները, որ երկիրը ստանձնել է ԵԱՏՄ-ին անդամակցելիս»: Ահա այսպիսի ասուլիս: